ԱԺ-ում նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու քննարկումները ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին հիշեցնում են ժամավաճառություն: «Սա ժամավաճառության փայլուն օրինակ է: Հասկանալի, պարզ օրինագիծ է, որով լուծվելու է 180 հազարից ավելի մարդկանց ընտրական սուրբ իրավունքը վերականգնելու խնդիրը, բայց այն վերածվեց թեմայի հետ կապ չունեցող քննարկումների: Լալահառաչ, հուզիչ ելույթներ, աչքերներս արցունքոտվեցին: Էլ արտագաղթի ճամփա, էլ խեղճ ու կրակ հայ ժողովուրդ, էլ երեխեքի ձեռքը բռնած...»,- ասաց Նաղդալյանը: ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ ընդդիմության քննադատությունը նախերգանք է՝ վաղվա անհաջողությունները նախապատրաստելու համար: «Քաղաքական մանիպուլյացիա է՝ անվստահություն սերմանել հասարակության մեջ, ստվեր գցել, նեգատիվ սպասումներ առաջացնել, հիասթափեցնել մարդկանց»,- նշեց Հերմինե Նաղդալյանը: ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, թե տարիներ շարունակ Ընտրական օրենսգիրքն ընդդիմադիր ուժերի առաջարկներով փոփոխության է ենթարկել, մշակվել է. «Գալ, ներկայացնել, թե «ոչ» ասենք, «այո» է դուրս գալու ընտրատուփից... Այո, այդպես եղել է ժամանակին, մենք լավ գիտենք, բայց տարիներ շարունակ քաղաքական կամք ենք ցուցաբերել, որ դա այլևս չկրկնվի: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը հայտարարություն արեց, կոչ արեց հանրաքվեն անցկացնել ժողովրդավարական բարձր մակարդակով: Այդ կոչը լոկ իշխանությանը չէ հասցեագրված, բոլոր ուժերին է ասված: Քաղաքական դաշտի բոլոր ուժերն են պատասխանատու: Մեզ համար կենսական կարևորություն ունի, որ հանրաքվեն անցկացվի բարձր օրինականության պայմաններում»,- ընդգծեց Հերմինե Նաղդալյանը: